Նոր մանրամասներ՝ Անտոնինա Մահարու մահվանից․ ինչի՞ն պիտի ուշադրություն դարձնեն պատկան մարմինները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ կյանքից հեռացավ հայ հայտնի գրող Գուրգեն Մահարու կինը՝ Անտոնինա Մահարին։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ այսօր։
Մահվան լուրն իմանալով, NEWSPRESS.am-ն այսօր առավոտյան այցելեց Կասյան փողոց, որտեղ ապրում էր Անտոնինա Մահարին, սակայն այնտեղ ոչ ոք չկար, տան դուռը փակ էր, իսկ շենքում հարաբերական լռություն էր։ Մեր տեղեկություններով՝ մահվանից առաջ կինը մի քանի օր հիվանդանոցում է եղել։
NEWSPRESS.am-ին մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններով՝ կնոջ վիճակը վատթարացել է, սակայն մինչև վերջին պահը տիկին Անտոնինան դիմադրել է ու չի ցանկացել գնալ հիվանդանոց։ Սակայն վիճակն ավելի է վատացել ու նրան ստիպված տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ երեկ մահացել է։
Հատկանշական է, որ հարազատներ չունենալու ու պետության կողմից աջակցություն չստանալու պատճառով կնոջ հուղարկավորությունը կազմակերպել է «Գրողների միությունը»։
Մեզ հետ զրույցում կնոջ հարևանները նշեցին, որ տիկին Անտոնինան ցանկանում էր, որ իր տունը դառնա Գուրգեն Մահարու թանգարան և նրանք հույս հայտնեցին, որ այդպես էլ կլինի։ Նրանք նաև ընդգծեցին, որ տարեցտարի Գուրգեն Մահարու այրիի վիճակը վատթարանում էր, քանի որ նա չուներ կենցաղային տարրական պայմաններ, ֆինանսական միջոցներ ու խնամող մարդ։
Ընդգծենք, որ պատկան մարմինները պիտի ուշադրություն դարձնեն տիկին Մահարու տանը գտնվող արխիվային նութերին, որպեսզի դրանք ինչ-ինչ պատճառներով չհայտնվեն ոմանց ձեռքերում, ովքեր էլ կփորձեն դրանցով գումարներ աշխատել։ Պատմությունն ու փորձը ցույց է տվել, որ մեր շարքերում կարող են լինել այդպիսի բաներ անողներ։