Մարալիկում իրավիճակը լարված է․ բնակիչները բաժանվել են «ջոկատների» և միմյանց դեմ դուրս եկել (տեսանյութ)
Շիրակի մարզի Մարալիկ համայնքում բնակիչները բաժանվել են երկու «ջոկատի»։ Մի մասը պահանջում է Հանրապետական համայնքապետի՝ Արտակ Գևորգյանի հրաժարականը և փակել է համայնքապետարանի դուռը, որպեսզի նա ներս չմտնի։ Համայնքի բնակիչների մյուս մասն էլ՝ համայնքապետի կողմնակիցները, փակել են Գյումրի-Երևան ճանապարհը՝ պահանջելով բացել համայնքապետարանի դուռը։
Նրանք, ովքեր համայնքապետի դեմ են բողոքում, դպրոցից հանել են երեխաներին և իրենց հետ տարել համայնքապետարան դռները փակելու։
Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը հանդիպել է երկու կողմերի հետ և հորդորել բանակցել, ինչին համաձայնել են համայնքապետի կողմնակիցները, սակայն, քանի որ հակառակ կողմն իր համաձայնությունը չի հայտնել, ուստի՝ համայնքապետի համախոհները՝ նրա հետ միասին, վճռել են այնքան ժամանակ փակ պահել Գյումրի-Երևան ավտոճանապարհը, քանի դեռ համայնքապետարանի դռները չեն բացել: