Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ. Փաշինյանի գլխավոր խորհրդական
Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում. օգոստոս, սեպտեմբերին ամիսներին մեր գրասենյակ շատ ներդրողներ են եկել աշխարհի բոլոր երկրների և պետք է ասեմ, որ քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են ընկալվում գորածրարների կողմից, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ նոր գործունեություն ծավալելով: Այդ մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:
Հարցին, թե քաղաքական անորոշ վիճակում, եթե ընտրությունները հաջորդ տարվա մայիս-հունիսին կայանան, ի՞նչ հետևանքներ կունենան տնտեսության վրա, Գասպարյանը նշեց.
«Դա առաջին հերթին ժողովրդի պահանջն է, որ ընտրությունները կայանան: Բացարձակապես ոչ մի ազդեցություն չի ունենա, որովհետև Հայաստանում վիճակը կայուն է: Քաղաքապետի ընտրությունները դրանք քաղաքական ռեալության արձանագրություն են, և այդ քաղաքական ռեալության արձանագրությունը նույնպես տեղի կունենա խորհրդարանական ընտրություններից հետո: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես տեղի ունեցան քաղաքապետի ընտրությունները, որոնք եղան ազատ և արդար: Ի՞նչ է նշանակում ժողովրդավարություն. երեք գործոն կա, որոնք ժողովրդավարության համար ամենակարևորն են՝ ազատ և արդար ընտրությունները, մարդու իրավունքները և խոսքի ազատությունը: Այս երեք գործոնները մեզ մոտ վերջին 3-4 ամսում՝ փոփոխություններից հետո, արձանագրված են: Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն նորդրողների հետ, գործարարների հետ»,- ասաց Գասպարյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե՝ վարչապետն ասում է, որ նաև տնտեսական զարգացման համար են հարկավոր արտահերթ ընտրությունները, Գասպարյանը պատասխանեց. «Այո, հարկավոր է, որովհետև բոլոր ներդրողները, գործարարները, որոնք եկել են մեր գրասենյակ, կառավարություն և հետաքրքրված են բազմաթիվ պրոյեկտներով, բոլորը նշում են քաղաքական փոփոխությունը, որը տեղի է ունեցել Հայաստանում, բոլորին հետաքրքրել է քաղաքական փոփոխությունը»: