Նա տարբեր ժողովուրդների համար ամենահայտնի հայն է մնալու. Արթուր Ասատրյանը՝ Շառլ Ազնավուրի մասին
«Խոր վշտով տեղեկացա ՀՀ ազգային հերոս, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Իմ և ընտանիքիս անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին` նրա մահվան կապակցությամբ։ Հնարավոր չէ մեկ բառով բնորոշել Շառլ Ազնավուրին։
Կյանքից հեռացավ մեծ երգիչ, մեծ արվեստագետ, մեծ հայրենասեր և պարզապես՝ Մեծ Մարդ, ով ուներ կարևոր դեր` հայ ժողովրդի արդար դատը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու գործում, ինչպես նաև Հայաստանի հզորացման և ծաղկման աշխատանքներում: Նա մարմնավորեց հայ ազգի ճակատագիրը, նրա վերածնունդը, անկոտրում կամքը, աշխատասիրությունը և անպարտելիությունը։
Շառլ Ազնավուրի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ, անզուգական, անկրկնելի, վառ տաղանդով, իր շիտակությամբ, իր լավատեսությամբ, իր բարությամբ` հիացմունք առաջացնելով ողջ աշխարհում։ Երևի ոչ մի քաղաքական իրադարձություն, ոչ մի պատերազմ, ոչ մի դիվանագիտական ջանք այդքան չի կարողացել հնչեցնել աշխարհում հայերի ու Հայաստանի անունը, որքան ինքը՝ այդ լուսավոր, բարի ու անսահման մեծ սիրտ ունեցող մարդը: Անգնահատելի է Շառլ Ազնավուրի ավանդը մեր հայրենիքի շենացման, մշակութային զարգացման ու հայերիս համաշխարհային համբավ բերելու գործում։ Վստահ եմ՝ դեռ երկար տարիներ նա տարբեր ժողովուրդների համար ամենահայտնի հայն է մնալու ու մարմնավորելու է իսկական հայի հավաքական կերպարը։
Շառլ Ազնավուրի թողած լույսը դեռ երկար կապրի նրանից հետո, իսկ նրա հիշատակը` հավերժ կապրի մեր սրտերում։ Հավերժ փառք քեզ, սիրելի Վարպետ»:
Արթուր Ասատրյան