Պավլիկը մնում է մեր ընկերը. Ժիրայր Սէֆիլյան
«Այն, ինչ կատարվեց, շատերի մոտ տարակուսանք առաջացրեց, բայց, այնուհանդերձ, բոլորը պետք է իմանան, որ Պավլիկը մնում է մեր ընկերը»: Այս մասին «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ասաց Ժիրայր Սէֆիլյանը՝ պարզաբանելով Պավլիկ Մանուկյանի հայտարարությունները:
Սէֆիլյանը համոզված է, որ Պավլիկ Մանուկյանի ազատումից հետո, ամեն ինչ իր տեղը կընկնի և ամեն ինչ կիրազեկվի լրագրողներին:
«Քանի դեռ Պավլիկ Մանուկյանը ճաղերից այն կողմ է գտնվում, բազմաթիվ նրբությունների մասին չենք ցանկանում բարձրաձայնել»,- ասաց Սէֆիլյանը։
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը դատարանում հայտարարել էր, թե ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ, ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը։
Նա նաև հայտարարել էր, որ Գարեգին Չուգասզյանն իրենց «Ցռան Վերգոն» է ասել, և «Հիմնադիր խորհդրարանի» համակարգող խորհուրդը պետք է հաշվետվություն տա Գարեգին Չուգասզյանի կատարած գործողությունների մասին։