Նիկոլին «կփչացնի» ժողովուրդը. երկրի դրական վերափոխումը դեպի «նիկոլի՞զմն» է (լուսանկարներ)
Օրերս Գյումրիից դուրս եկող ճանապարհին հայտնվեց Նիկոլ Փաշինյանի քայլող արձանը: Ճի՞շտ էր այդ արձանի տեղադրումը, թե՞ ոչ... կարծիքները տարբեր են:
Ակնհայտ է, որ Փաշինյան անձի նկատմամբ, ընդհանուր առմամբ, տեղի է ունենում պաշտանմունք, որն արդեն իսկ վատ է: Պատմությունը ցույց է տվել, որ ականավոր գործչի հեղինակության առջև կուրորեն խոնարհվելը, նրա ծառայությունների խիստ չափազանցումը և որևէ պատմական անհատի ֆետիշացումը, երբեք լավ բանի չի հանգեցրել:
Այսօր Փաշինյանի պատկերով ու նրա «դուխով» կարգախոսով հրապարակվում են օրագրեր, տետրեր, տոպրակներ, հագուստ, գլխարկ, դրոշակներ, բոքսի ձեռնոցներ, տարբեր հուշանվերներ ու անգամ սուրճ և արևածաղիկ... այս ցանկն անսպառ է:
Ոմանք մտածում են, որ մարդիկ դեռ էյֆորիայի մեջ են, ու այս ամենը կանցնի, բայց որքան ժամանակ է անցնում, այնքան «Փաշինյանի գլուխը» այս ու այնտեղ ավելի շատ է հայտնվում:
Վաճառողների ու արտադրողների համար այս ամենը կարող է լինել նաև պարզապես ապրանք, որի պահանջարկը կա, ու որի շնորհիվ կարելի է փող վաստակել: Սակայն եթե այդ իրերի պահանջարկը կա, և այդ ապրանքները լավ են սպառվում, նշանակում է, որ կա նաև անձի ֆետիշացում:
Ասում են՝ Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, որ իր նկարով իրերը լավ են վաճառվում, ի՞նչ անի մարդը... իրականում դրա պատասխանը կա. այս երևույթը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն ինքը չցանկանա դադարեցնել դա: Իսկ քանի որ չի արգելում, ուրեմն խրախուսում է:
Սրա նախադեպը կա. Ստալինի պաշտամունքը հրեշավոր չափերի հասավ այն պատճառով, որ ինքը՝ Ստալինը, ամեն կերպ խրախուսում էր իր անձի բարձրացումը։
1948 թ. հրատարակված Ստալինի «Համառոտ կենսագրության» մեջ դրսևորվել են անսահման շողոքորթության երևույթներ՝ մարդու աստվածացման, անսխալ իմաստունի, «մեծ առաջնորդի», «բոլոր ժողովուրդների ու ժամանակների անգերազանցելի ռազմագետի» հատկանիշների վերագրումներ:
Այսօր այս երևույթը նկատվում է: Իհարկե, վատ չէ, որ Նիկոլ Փաշինյանին մարդիկ սիրում են ու պաշտում, վատն այն է, որ նրան աստվածացնում են. դա մեղք է: Ո՛չ միայն Փաշինյանի գլխով ապրանքները, այլև այս նկարը՝ Նիկոլի գլուխն Աստծո որդու հետ, տևական ժամանակ շրջում է համացանցում՝ նույնացվելով մեկը մյուսով:
Այս տրամաբանությամբ արդեն, կարևոր չէ, թե ՆԱ՝ Փաշինյան Նիկոլն ինչ կասի իր ելույթների ժամանակ, քանի որ նա ինքն արդեն պաշտանմունքն է մարդկանց:
Ու նա ռեպրեսիաներ նախաձեռնելու փոխարեն՝ սկսել է գերագնահատել ինքն իրեն: Սա տանում է նաև բռնապետության, ինչպես եղավ Ստալինի ժամանակ. բոլորին «ասֆալտին փռելու», «պատին խփելու» և «դատարանի ծակը կոխելու» Փաշինյանի հիստերիկ հայտարարությունները վկա...
Մինչդեռ երկիրը դրական վերափոխումների կարիք ունի, բայց որոշակի քայլեր ձեռնարկելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել դիկտատուրայից ու բռնությունների քաղաքականությունից...
Ու անկախ այն բանից, թե ուր էր ուզում տանել Փաշինյանը ժողովրդին, այսօր արդեն այլ ուղի է ընտրված՝ դեպի անձի պաշտանմունքի ու բռնապետության: Այս առիթով դասականներից մեկի ասած՝ Նիկոլին «կփչացնի» ժողովուրդը...
Արմինե Մկրտումյան