Ղարաբաղի հարցում Փաշինյանի մոտեցումը հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանին․ քաղաքագետ
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կտրականապես դեմ է բանակցային սեղանի շուրջ որպես հակամարտության կողմ Ղարաբաղի վերադառնալու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Նրա կարծիքով՝ այդ մոտեցումը սխալ է, քանի որ Ղարաբաղը միշտ եղել է գործընթացի մաս։
«Այդ ե՞րբ է Բաքուն Ղարաբաղին դուրս հանել բանակցային գործընթացից։ Նման բան երբեք չի եղել։ Ղարաբաղը շարունակում է մնալ բանակցային գործընթացի մաս»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը շատ է հիշեցնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մոտեցմանն այս հարցում, սակայն անցել են տարիներ, և այդ մոտեցումը շտկվում է։
«Եթե ՀՀ-ն նստում է բանակցությունների սեղանի շուրջ և չի ներկայացնում Ղարաբաղը, սակայն միաժամանակ խոսում է Ղարաբաղի մասին, ապա դա փաստացի նշանակում է, որ նա խախտել է իր խոսքը։ Քանի որ եթե չես խոսում Ղարաբաղի մասին, նշանակում է, որ պետք է խոսես Տավուշի կամ այն տեղերի մասին, որտեղ խախտում են սահմանը։ Այսինքն՝ այդ ձևակերպումները շատ նուրբ մշակման կարիք ունեն»,- պարզաբանեց Մանասյանը։
Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում արված հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ, որ տեղի ունենա հայ ժողովրդի նոր ցեղասպանություն։
Մանասյանը սխալ է համարում այդ հայտարարությունը․ նա հիշեցնում է, որ նման հայտարարություններ նախկինում արվել են, մասնավորապես, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
Ինչ վերաբերում է Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա, քաղաքագետի կարծիքով, դրա հավանականությունն այնքան էլ բարձր չէ։