«Փաստ». Գործող սահմանադրությամբ արտահերթի գնալը վտանգավոր է, իշխանության հետ աշխատող իրավաբանները ցնցված են
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատակամ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում, կարծես թե հստակ է: Այդ մասին նա մեկ անգամ եւս հայտարարեց Նյու Յորքից՝ հետընտրական իր ուղերձում: Հստակ է նաեւ, որ դրան կողմ են շատերը, գուցե բացառությամբ ՀՀԿ–ի: Խնդիրը ժամկետներն են:
Վարչապետի հայտարարությանը հաջորդեցին մասնավորաբար ՔՊ–ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի հապճեպ հայտարարությունները՝ այդ ընտրությունները մինչեւ տարեվերջ անցկացնելու մասին: Իհարկե, դժվար թե նրանք միասին նման հայտարարություն անեին առանց Փաշինյանի իմացության:
Սակայն դժվար է ասել՝ դա արված էր ոգեւորության ազդեցության ներքո՞, թե՞ առկա տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով: Իրականում, մեր տեղեկություններով, իշխանությունների հետ աշխատող մի շարք իրավաբաններ ուղղակի ցնցվել են այս հայտարարություններից: Նրանք որեւէ կերպ չեն պատկերացնում այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է այսքան կարճ ժամկետում ընտրություններ անցկացնել:
Հարցն այն է, որ սահմանադրական առկա նորմերով գնալը վտանգավոր է, իսկ այլ ուղիներ գտնելու եւ իրագործելու համար (այդ թվում՝ հանրաքվեի) ժամանակ է պետք: Մեր աղբյուրի պնդմամբ, իրավաբանների անհանգստությունն այն է նաեւ, որ ստիպված պիտի լինեն քաղաքական որոշումներին իրավական փաթեթավորում տալ: Իսկ թե ինչպես, առայժմ պարզ չէ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում