Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ամոթանք տվեց Մարուքյանին. ինչ նկատի ուներ «ընդամենը 4 վստահելի ձայն» ասելով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել մի շատ տպավորիչ ելույթով: Ի թիվս արտաքին քաղաքական կարևոր հարցերի՝ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի հիմնական մասը տրամադրել է ՄԱԿ-ի ամբիոնից իր և իր թիմի արած հեղափոխության մասին պատմելուն: Ընդգծել է, թե Հայաստանում իրենք հաղթանակ են տարել ավտորիտար ռեժիմին և հաստատել իրենց ազնիվ ու արդար, ժողովրդավար իշխանությունը:
Ելույթից հետաքրքրական է հատկապես Փաշինյանի՝ «ես ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ունեի ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում` իմ սեփականը» արտահայտությունը:
Փաստացի Նիկոլ Փաշինյանն ընտրվել է մի խորհրդարանում, որտեղ ուներ 9 հոգանոց խմբակցություն. այն ժամանակ «Ելք»-ից պատգամավոր էին ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը:
Եթե քննարկենք, թե 3 համախոհ ասելով Փաշինյանն ում նկատի ուներ, պետք է տարանջատենք այն ժամանակ դաշինք կազմած «Լուսավոր Հայաստան» և «ՔՊ» կուսակցությունները:
Փաստորեն, դաշինքի ներսում կուսակցական պայքարն այն աստիճանի է լարված, որ Փաշինյանի նեղվածությունն անգամ դրսևորվում է ՄԱԿ-ի ամբիոնում և ելույթով հիշեցնում Մարուքյանին՝ հեղափոխության օրերի չհաջողված հոգեխանգարմունք-հարցազրույցը, ԱԺ-ում ֆայերների ժամանակ Գորգիսյանի քիթը փակելը և մյուսների՝ լարված շրջանում մի կողմ քաշվելը:
Փաշինյանն ինքը գիտակցել է, որ իր կողքին կանգնած են եղել միայն Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը և այսօր էլ բազմացած թիմակիցների շրջանում դժվար Փաշինյանն ավել համախոհներ ունենա:
Շատերն են գիտակցում, որ ինչպես նախկինում էր Փաշինյանն իրեն ապաշնորհ համախոհներով շրջապատել, նույնն այսօր է, որ գրեթե յուրաքանչյուր օր իր ղեկավարած կառավարական ուժին ինչ-որ սկանդալի մեջ են գցում:
Ելույթով նա պարզապես Մարուքյանին և իր թիմին ամոթանք տվեց և ցուցադրեց իր բարի կամքը՝ նրանցից առնվազն երկուսին բազմեցնելով նախարարական աթոռին: