Խայտառակություն FIFA-ում․ Ինչո՞ւ Սալլահը չընդգրկվեց տարվա խորհրդանշական հավաքականում
Օրեր առաջ կայացավ FIFA-ի երեկույթը, որի ժամանակ պարզ դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը։ Ասել, որ խորհրդանշական հավաքականում մի շարք բացթողումներ կային, նշանակում է՝ ոչինչ չասել։ Նախ, տարօրինակ էր, որ լավագույն դարպասապահի կոչում ստացավ Տիբո Կուրտուան, սակայն խորհրդանշական հավաքականում հայտնվեց Դավիդ դե Խեան։ Երեկոյի աբսուրդը, սակայն, Մուհամմեդ Սալլահի շուրջ ստեղծված իրավիճակն էր։
Սկսենք սկզբից։
Լինել տարվա լավագույն ֆուտբոլիստի համար մղվող պայքարում, լինել այդ մրցանակի համար պայքարող 3 ֆուտբոլիստներից մեկը, ունենալ ֆանտաստիկ մրցաշրջան, խփել այդքան շատ գնդակ ու չհայտնվել խորհրդանշական հավաքականում, դա նշանակում է, որ FIFA-ում իրոք մի բան այն չէ։ Եվ սա այն դեպքում, որ Սալլահի փոխարեն խորհրդանշական հավաքականում հայտնվում է Մեսսին, ով նախորդ մրցաշրջանում անհայտ էր, կորել էր այնպես, որ նրա մասին 1 տարի մոռացել էին բոլորը։
Այս պատմության մեկ այլ տարօրինակ կողմը Սալլահին տրված մրցանակն էր՝ Պուշկաշի մրցանակը։ Պարզվում է, որ Սալլահի խփած այդ գնդակը նույնիսկ չէր հայտնվել Անգլիայում ամսվա լավագույն գոլերի մեջ։ Այդկերպ FIFA-ն փորձում էր ցույց տալ, որ այս մրցանակը տալիս ենք, որ և՛ Սալլահը չնեղանա, և՛ պահպանվի Մեսսի և Ռոնալդու մրցակցությունը։
Այսկերպ կարելի է ենթադրել, որ FIFA-ն խառնել էր բոլորի տեղերը, բոլորի մրցանակները։ Այս ամենից հետո միգուցե Սալլահի մոտ հոգեբանական ու խաղային անկում լինի, սակայն այնտեղ Կլոպն է, ով գիտի իր տղաներին հրեշներ դարձնելու տարբերակը։