«Ձեռառնելիք է պետական ապարատն օգտագործել անձնական ամբիցիաները բավարարելու համար»․ Արթուր Գևորգյան
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը վստահեցնում է՝ արհեստածին լարվածություն ու արշավ է սկսել բռնցքամարտի ֆեդերացիայի դեմ։
«Աշխարհում չգրված օրենք կա․ երբ փորձում ես լավ աշխատել՝ ցույց ես տալիս մյուսի ապաշնորհ լինելը, ինչն էլ այս արշավի հիմքն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ հստակ չի մատնանշվում, թե ինչից են դժգոհ։
Նա նկատում է, որ մարզիկները դրամական պարգևներ ստացել են գումարային չափով ավելի շատ, քան երբևէ ստանում են։
«Որպեսզի մոլորություն չլինի, ես գրավոր կերպով բոլոր մարզադպրոցներին ուղարկել եմ, թե իրենց սաներն ինչ արդյունքի դեպքում ինչքան գումար կստանան։ Պարգևատրելու համար էլ 2 տարբերակ ենք ընտրել՝ մարզիկը կա՛մ ամսական վճարվելու տարբերակն է ընտրում, կա՛մ ամբողջական ստանում է տարվա վերջում»,- ասաց նա։
Արթուր Գևորգյանն ինքը նույնպես մարզիկ է եղել և հիշում է, որ իր ժամանակ ուժեղը մնում էր և մասնակցում մրցումներին, ինչը մյուսներին զրկում էր առաջ գնալու հնարավորությունից։ Նա վստահեցնում է, որ այսօր իրենք այլ մարտավարություն են ընտրել։
«Հասկանո՞ւմ եք՝ եթե իմ խնդիրը մեդալի հետևից որսը լիներ, ապա ես այդ ուժեղին մինչև 30 տարեկան կպահի, բայց գերխնդիրը մեդալ նվաճելը չէ, այլ սպորտը զարգացնելն է»,- ասաց Արթուր Գևորգյանը։
Ըստ նրա՝ այսօր բողոքողները չեն եկել, քանի որ ասելիք չունեն։
«Ձեռառնելիք է պետական ապարատն օգտագործել անձնական ամբիցիաները բավարարելու համար»,- ընդգծեց Գևորգյանը՝ վստահեցնելով, որ իրենց դեմ արշավի հարցում շահագրգռված է Սպորտի փոխնախարարը։