Մարել է փոխվարչապետերի աստղը
Քաղաքական այս պիկին, երբ ուժերի դիրքավորման, կայունացման, ինչպես նաև մրցավազքի շրջան է, մի տեսակ մարել է փոխվարչապետերի աստղը, կարելի է ասել՝ նրանք երկրորդ պլան են մղվել:
Լուսանցքից դուրս է ընկել թե՛ շռայլությունների սիրահար առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, թե՛ նույն հակումներն ունեցող Տիգրան Ավինյանը: Լուսանցքի ներսում երբեք չի էլ եղել ԲՀԿ քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը:
Այս շրջանում զուսպ գործողությունների քաղաքականություն որդեգրած փոխվարչապետերը թերևս այդքան էլ ճիշտ ուղու վրա չեն գտնվում: Բանն այն է, որ այնքան են «զսպվել», որ կասկածի տակ կարելի է առնել անգամ իրենց պաշտոնների անհրաժեշտությունը:
Իր ուսերին խորհրդարանի լուծարման բեռը վերցրած Արարատ Միրզոյանն այս ընթացքում այդ թեմայով միայն թույլ, մի փոքր էլ պաթետիկ ելույթներ է ունեցել, դե իհարկե՝ նաև չի մոռացել ԶԼՄ-ներին նախապես նախատել, թե՝ «հեսա վրա կտան» (իբր, մի այնպիսի լուրջ քաղաքական ֆիգուր է ինքը, որ բոլորիս ուշադրության կենտրոնում է, թե ինչ կանի):
Նրանց այս լռությունը թույլ է տալիս հավատալու այն պնդմանը, թե վարչապետ Փաշինյանն անձամբ զգուշացրել է` «խելոք մնալ», քանի որ իրար հերթ չտալով՝ ընկնում են սկանդալների մեջ՝ այդկերպ միայն վնասելով «շեֆին»:
Իսկ ինչպիսին էինք պատկերացնում մենք փոխվարչապետերին.
լիդերներ, ովքեր անձնական խարիզմայի և քաղաքական հոտառության շնորհիվ իրենց հետևից հանրությանը կտանեին: Մարդիկ, ովքեր արդարացված կփորձեին անցնել Փաշինյանին և առավել մեծ ժողովրդականություն, սեր կվայելեին, և վերջապես՝ մարդիկ, ովքեր իրենց կուրացիային հանձնված ոլորտները կակտիվացնեին և կզարգացնեին:
Սա, թերևս, մեր տեսլականն է, որը դժվար էլ իրականանա: