Ինչո՞ւ է նոր կառավարությունը որոշել սելֆի անել
«Սելֆիի ժամը» մշակույթի նախարարության նախաձեռնությունը չէ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ արձագանքելով «սելֆիի ժամի» հետ կապված քննադատություններին։
Նա նշել է, որ նախարարության ծրագրում ներառված են երաժշտական, թատերական, արվեստի բնագավառին վերաբերող միջոցառումները, իսկ սելֆին ընդհանուր նախաձեռնություն է։ Ամեն դեպքում, նա ևս ողջունել է գաղափարը։
«Նոր Հայաստանում, նոր իրավիճակում խնդիրը դրված է ո՛չ թե լուսանկարվելը, այլ ցույց տալը, որ հասարակական, հանրային, քաղաքական, գործիչների և քաղաքացիների միջև չկա որևէ դիստանցիա, բարիեր, չկա անհասանելիության սկզբունքը: Սա է ամբողջը, որ նրանք շփվեն, ինչու չէ՝ նաև լուսանկարվեն»։
Մի խոսքով՝ նախարարը, իր կառավարական ծաղկեփնջի հետ համոզված է, որ սելֆին մտերմացնում է․ համենայդեպս, իրենց հավատացող մարդկանց, ովքեր արդեն ուզում էին հույսները կտրել այս կառավարությունից, սելֆին կօգնի մի քիչ էլ համբերել։ Մարդիկ ամեն անգամ հուսահատվելիս, կվերցնեն այս կամ այն նախարարի հետ նկարը, կնայեն ու հարազատի պես կներեն նրանց՝ անհաջողությունների և խաբեության համար։
Կունենա՞ սելֆին կառավարության կողմից սպասված այդ ներգործությունը, թե՞ ոչ, պարզ չէ, բայց ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան «սելֆին» ներկայացրել է իր մեկնաբանմամբ։
Նրանք նկատել են, որ «սելֆին» պաշտոնապես ճանաչվել է որպես հոգեկան խանգարում: Հոգեբանների կարծիքով՝ այդ ձգտումն առաջ է գալիս սեփական անձի նկատմամբ հարգանքի բացակայության ու շփման պակասի պատճառով: Եթե դա իսկապես այդպես է, ապա այս տրամաբանության մեջ արդեն, սելֆիասիրահար կառավարության՝ սելֆիի նկատմամբ թուլությունը լրիվ արդարացվում է։