Արտակարգ դեպք Երևանում․ 28-ամյա տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, իսկ հետո կուլ է տվել 3 ածելի
Երեկ, սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի 1-03 Շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երիտասարդի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ջրվեժ թաղամասի բնակիչ 28-ամյա Դավիթ Տ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «նախաբազկի կտրած վերք, արյունահոսություն, ստամոքս-աղիքային տրակտիտ» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ Դավիթ Տ․-ն նույն օրն իրենց տանը ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, որից հետո կուլ է տվել 3 ածելի։
Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։