Արցախյան հարցում մենք ավելի քան միասնական ենք. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթիի ուղղությամբ կրակ բացելու մասին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետևանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։
Նրա գրառման մեջ նաև ասվում է.
«Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր անհաջողությունները բարդել հայկական կողմի վրա։ Բազմիցս ասել եմ եւ չեմ խորշի եւս մեկ անգամ կրկնել՝ արցախյան հարցում մենք ավելի քան միասնական ենք։
Ինչ վերաբերում է հանձնաժողովի օրակարգային հարցերին, ապա օրակարգին համապատասխան հանձնաժողովի խնդրանքով ներկայացրել եմ Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները։ Հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության գաղտնապահական կարգը՝ կայացված որոշումների, հանձնաժողովի դիրքորոշման մասին կտեղեկացնեմ, երբ դրանք կգաղտնազերծվեն»։