18+ կանեմ, քեզ բանտ կգցեմ․․․ դատավորի օգնականով՝ սպառնում են NEWSPRESS.am-ի լրագրողին
Արդեն տևական ժամանակ է` NEWSPRESS.am-ի աշխատակցին սպառնում է ոմն քաղաքացի, ով վերջին խոսակցության ժամանակ ներկայացավ Արմեն Սուքիասյան անունով՝ որպես Գորիսի բնակիչ։
Նա խոսակցության ժամանակ խոստովանեց, որ մինչ այդ հանդես է եկել այլ անուններով և մեկնաբանություններ թողել կայքի հրապարակումների ներքո։
«Ես հետապնդել եմ ձեզ, քանի որ դուք ՀՀԿ-ական եք և ուզում եմ ձեզ խելքի բերել»,-ասաց Արմեն Սուքիասյան ներկայացող անձը։
Նա բացատրեց նաև, թե ինչու է մտածում, որ NEWSPRESS.am-ն աշխատում է ՀՀԿ-ի օգտին։
«Դուք Նիկոլ Փաշինյանին ասուլիսի չեք հրավիրում, դուք դեմ եք, որ Հայկոն քաղաքապետ դառնա, ինչո՞ւ եք դեմ»,- ասաց տղամարդը և սկսեց սպառնալ, թե կայքի աշխատողների դեմ բողոք կներկայացնի դատախազություն, որի համար կհավաքի ավելի քան 1000 ստորագրություն։
Արմեն Սուքիասյանը սպառնաց, թե ամեն ինչ կանի, որ կայքի աշխատակիցը զրկվի ազատությունից։
«Ես դա խոստանում եմ․ հարյուրավոր, հազարավոր դիմումներով ու ստորագրություններով կներկայանամ դատարան՝ հանուն քո վրա պահանջ դնելու։ Նայի, տես, 2 երեխաներ ունես, սիրուն երեխաներ են, էնպես մի՛ արա, որ իրանք ազատության մեջ լինեն, իսկ դու բանտում»,- ասաց նա։
Այնուհետև իմանալով, որ լրագրողն իրեն ձայնագրում է, ասաց, որ չի վախենում ձայնագրվելուց և շարունակեց սպառնալ։
«Էնպես մի արա, որ ես ամեն ինչ անեմ, իմանաս՝ ով եմ։ Եղբայրս հետախուզության վարչության պետն ա Հայաստանում, ես տուրիզմի տնօրեն եմ, «դվայուրոդնի» եղբայրս Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Կորյուն Գրիգորյանն ա։ Ես զբաղված եմ քո կյանքով, որովհետև դու քոչարյանական, ՀՀԿ-ական ասուլիսներ ես անում»,-ասաց սպառնացող քաղաքացին և հավելեց․ «Հակա մի գնա, աջ քաշի, քեզ համար ապրի․ քո լրագրողական կազմակերպությունն աջ քաշի․․․ նենց չանես, որ դռանդ չոքեն, 18+ կանեմ․․․»։
Իսկ քիչ առաջ էլ սպառնալիքներ հնչեցնող քաղաքացին զանգահարել է կայքի հիմնադիր տնօրենին՝ այժմ էլ նրան ուղղված սպառնալիքներ հնչեցնելով։ Նա հավելեց նաև, որ չի վախենում ո՛չ ԱԱԾ-ից, ո՛չ դատախազությունից։
«Ինչ ուզում եք՝ արեք, ում ուզում եք՝ դիմեք, ես չեմ վախենում․ ուզում եք՝ քրեական գործ հարուցեք․․․»,- ասաց նա՝ հավանաբար, հույսը դնելով իր բարեկամ-իրավապահների վրա։
Մեր խմբագրությունը ՀՀ գլխավոր դատախազի և վարչապետի ուշադրությունն է հրավիրում միջադեպի վրա և խնդրում բացահայտել Արմեն Սուքիասյանի ինքնությունը։
Ի վերջո, սա սպառնալիք է՝ ուղղված ո՛չ թե անձին կամ խմբագրությանը, այլ ազատ խոսքին՝ այլախոհությանը։