«Երևանում կա 8 զոհ և հարյուրավոր վիրավորներ»․ Ի՞նչ էին գրում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին հայատառ թերթերը
Ասել, որ 2008 թվականի մարտի 1-ին ու դրանից հետո հայաստանյան լրատվամիջոցները դեպքերը կարողանում էին լուսաբանել` առնվազն սուտ կլինի։ Եթե մի փոքր խորը նայենք, ապա ինչ-ինչ կադրեր, լուրեր, տեսանյութեր ու լուսանկարներ համացանցում հայտնվեցին վերջին տարիներին։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, Հայաստանում տպագրվող, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս լույս տեսնող պարբերականները գրում էին Մարտի 1-ի մասին։ Ներկայացնում ենք հատվածներ՝ արտերկրում տպագրված թերթերի հոդվածներից, որտեղ լուսաբանվում են Մարտի 1-ի գործողությունները։
«Ժամանակ» թերթ, Թիֆլիս, 2008 թվականի մարտի 1
«Բռնի միջամտություն․ Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է
Ոստիկանները օգտագործեցին մահակներ, արցունքաբեր գազ, էլեկտրաշոկ և շուրջ մեկ ժամվա ընթացքում դատարկեցին Ազատության հրապարակը․ կան մեծ թվով վիրավորներ։
Հայաստանի ներքին քաղաքական կյանքի մեջ առաջացած ճգնաժամը այս առավոտ բոլորովին տարբեր վիճակի հասավ։ Իշխանությունները այս առավոտյան կանուխ մեկ ժամվա մեջ ցրեցին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորած ընդդիմադիր շարժման ցուցարարներին, ովքեր փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո խաղաղ ցույցեր էին անում Ազատության հրապարակում.․.»։
«Լույս» ամսագիր, Թեհրան մարտ-ապրիլ
«Երևանում զանգվածային անկարգության մասնակիցները հրկիզել են 36 տրանսպորտային միջոց
Երևանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցները հրկիզել են ընդհանուր առմամբ 36 տարնսպորտային միջոց։ Պարզվել է, որ հրկիզվել է ոստիկանության 13 ավտոմեքենա, 3 ավտոբուս, մասնավոր սեփականություն հանդիսացող 13 ավտոմեքենա, 3 տրոլեյբուս և 4 ավտոբուս․․․»։
«Ժամանակ» թերթ, Թիֆլիս, 2008 թվականի մարտի 3
«Շաբաթավերջի դեպքերին Երևանում զոհ գնաց 8 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ
Ոստիկանությունը և հատուկ զորքերը կոպիտ խախտումներ արեցին։ Մինչև անգամ մեքենաները վարում էին ուղիղ ցուցարարների վրա։ Զոհերի մեջ կան թե՛ իրավապահներ, և թե՛ ցուցարարներ։ Հայաստանի ուրիշ քաղաքներից զրահամեքենաներ բերեցին մայրաքաղաք, վերահսկելու համար իրադրությունը։ Ցուցարարների մեջ եղան մարդիկ, ովքեր ջարդեցին խանութների լուսամուտներ ու թալանեցին...»։
Շարունակելի․․․․