Մեզ փռեցին ասֆալտին, նկարահանեցին ու ասացին՝ կարող եք գնալ. ԲՀԿ ավագանու թեկնածու (տեսանյութ)
Ոստիկանության կողմից ասֆալտին պառկեցված քաղաքացիներից մեկը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ավագանու թեկնածու Մարկոս Հարությունյանը. վերջինս ավագանու յոթերորդ համարն է: Այդ մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասացին ԲՀԿ ավագանու թեկնածուները:
Ոստիկանության տեսանյութում, մասնավորապես, նշվել է, թե քաղաքացին, որին պառկեցրել են ասֆալտին, ֆինանսիստ է, հինգ տարի աշխատել է թաղապետարանում, բայց արդեն օլիգարխ, սափրագլուխ է։
Ոստիկանության տեսանյութում հայտնված Մարկոս Հարությունյանն էլ ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում: Նա պատմեց, որ երկու օր առաջ, երբ քարոզարշավի շրջանակներում Շենգավիթում է գտնվել, ընկերներն առաջարկել են գալ նախընտրական շտաբ:
«Աջափնյակի ճանապարհին Պռոշյան փողոցում մասկաներով, որքան հիշում եմ՝ ավտոմատներ կային, մեզ, բառիս բուն իմաստով, փռեցին ասֆալտին: Երբ հրահանգեցին կանգնել, ես ձեռքերս պարզած կանգնել եմ, իմ հագին եղել է ԲՀԿ շապիկը և երբ հարցրել եմ՝ ինչո՞ւ են կանգնացնում, պատասխան չեն տվել: Երկու րոպե պահելուց, նկարահանումները վերջացնելուց հետո, ասում են՝ կարող ես գնալ, ազատ ես»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ոստիկանները սխալ են թույլ տվել։
Ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանն էլ նկատեց, որ, իհարկե, չեն կարող ասել, որ սա քաղաքական հետապնդում է, բայց կան ավելի վատ եզրակացություններ, քան հետապնդումներն են:
«Ասում են՝ մարդը երթևեկել է շարասյունով. չկա օրենքում որևէ արգելք՝ շարասյունով երթևեկելու համար։ Եթե Օսիպյանի տրամաբանությամբ գնանք, ապա վաղը Երևանում թաղումներն ու հարսանիքները նույնպես փռվելու են գետնին, որովհետև դրանք ամենաերկար շարասյուներն են: Ես կոչ եմ անում դատախազությանը գնահատել՝ արդյո՞ք իրավաչափ է ոստիկանության աշխատանքը»,-հայտարարեց Պետրոս Ղազարյանը:
Տեսանյութը՝ 168.am-ի