Մենք ունենք ծրագրեր, որպեսզի այդ դեֆեկտը վերածենք էֆեկտի. Զեյնալյանը՝ աղբահանության խնդրի մասին
Երևանում խնդիրների ծանր ժառանգությունը բոլորինս է: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու, «Լույս» դաշինքի առաջնորդ Արտակ Զեյնալյանը:
«Մենք տարիներ շարունակ, օբյեկտիվ կամ սուբյետիվ պատճառներով, բավարար ներդրումներ չենք արել Երևանում, որպեսզի վերացնենք, ասենք, ջրահեռացման համակարգի վթարը, որի պատճառով շենքը դառնում է վթարային և Երևանը քայքայվել է: Դա բոլորիս ժառանգությունն է, դա ընտրված քաղաքապետինը չէ»:
Խոսելով առկա խնդիրների մասին՝ Զեյնալյանը նշեց նաև, որ, օրինակ, եթե ավագանու նախորդ ընտրություններում աղբահանության խնդիրը թվարկվում էր որպես ութերորդ հիմնախնդիր, ապա հիմա դա առաջնային է:
«Սա կարճաժամկետ ծրագիր է, որ կիրականացնենք: Իհարկե, այս ոլորտում մենք ունենք նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որպեսզի այդ դեֆեկտը վերածենք էֆեկտի: Փորձենք այդ կենցաղային աղբն օգտագործել ի բարօրություն մեր համայնքի»,- ասաց քաղաքապետի թեկնածուն: