Ալեն Սիմոնյանն առանց Նիկոլ Փաշինյանի «կոմուֆլյաժի», կամ՝ անտաղանդ դերասանը․․․
Ազգային ժողովն այսօր անցկացրեց արտահերթ նիստ «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով» Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի վերաբերյալ։
Խորհրդարանը 74 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց Քննիչ հանձնաժողովի ստեղծման և հանձնաժողովի անդամների հաստատման մասին որոշումը։
Խորհրդարանում այս հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քննարկումը թեժ անցավ. առանցքային դերակատարները ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանն էին։
Եթե Էդոն Մարուքյանն ինչ-որ չափով պահպանեց գործընկերային էթիկան՝ փորձելով թաքցնել, որ Քննիչ հանձնաժողովի ստեղծմանն ինքն այսօր սուբյեկտիվ պատճառներով դեմ է, իսկ մեկ տարի առաջ կողմ կլիներ, ավելին՝ ինչպես Շարմազանովն է ասում՝ «պառլամենտը» օդ կհաներ, ապա նրա գործընկեր նորաթուխ պատգամավորն առիթը բաց չթողեց ԱԺ միջանցքներում, պատերի տակ ու նիստերի դահլիճում նիկոլփաշինյանական ոճով աջ ու ձախ հոխորտալու համար։
Նախ՝ լրագրողների հետ ճեպազրույցում իրեն ներկայացնելով որպես գործից հասկացող քաղաքական գործիչ, ընդգգծեց, որ իրենից պետք է ներողություն խնդրեն, հետո էլ շտապեց հավելել, որ միայն ԱԱԾ-ի տնօրենին ու ՀՔԾ պետին չէ, որ գաղտնալսել են։
«Մենք չենք վախեցել, երբ մեր դեմ աշխատել են այդ բոլոր հիմնարկները, մեզ գաղտնալսել են, մեզ բանտ են նետել, մեզ սպառնացել են»,-ասաց Սիմոնյանը՝ արհեստականորեն ուռճացնելով իր քաղաքական կշիռը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ զրոյական էր։
Բոլորս ենք հիշում՝ ինչպես Երևանի ավագանի-ԱԺ պատգամավոր խաչմերուկում չկողմնորոշվող Սիմոնյանին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դուրս շպրտեց քաղաքապետարանից։
Եվ հիմա Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի «կոմուֆլյաժը» հոգով հագած՝ խորհրդարանում աջ ու ձախ հանրապետականների վրա մատ է թափ տալիս՝ թե ո՞վ եք դուք, եռանդով ցրիվ է տալիս իրավաբանության վերաբերյալ իր գիտելիքներն ու փորձում Արփինե Հովհաննիսյանին ու Գևորգ Կոստանյանին ապացուցել, որ Քննիչ հանձնաժողովի ստեղծումը օրենքի խախտում է։
Ալեն Սիմոնյանի այսօրվա հիստերիկ պահվածքն ԱԺ-ում պատահական չէ՝ եթե հիշենք նրա և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ընկերական հարաբերությունների մասին։ Սիմոնյանն այսօր ջանք ու եռանդ չխնայեց ընկերոջը դատարանի առաջ կանգնելու վտանգից, դատավորին հրահանգելու հետևանքներից փրկելու համար, ինչը, սակայն, նրա մոտ չստացվեց՝ ինչպես միշտ։
Ու նման անհաջող խաղից հետո ուզում ես Սիմոնյանին հարցնել՝ իսկ ո՞վ ես դու՝ առանց Փաշինյանի և որտե՞ղ կհայտնվես, եթե ձեռքը վրայիցդ վերցնի։
Վերջում հավելենք, որ Արթուր Վանեցյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով: