ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը
Ռուսաստանի Դաշնությունն իր տարածքում չեղարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված ԱՊՀ միջպետական հետախուզումը:
Այս մասին interfax.ru-ին հայտնել է քաջատեղյակ աղբյուրը: Վերջինիս փոխանցմամբ՝ 2008-ի մարտի 1-ի հետ կապված Հարությունյանի գործն ուսումնասիրելուց հետո, որոշվել է չեղարկել հետապնդումը:
Նա պարզաբանել է, որ այսկերպ գեներալին Ռուսաստանում ոչինչ չի սպառնում: Աղբյուրի խոսքով, եթե Հարությունյանը հայտնվի ԱՊՀ երկրներից որևէ մեկում, նրան կարող են ձերբակալել ու արտահանձնել Հայաստանին:
Աղբյուրի նշել է նաև, որ պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման ու արտահանձնման վերաբերյալ դիմումը Մոսկվան վերջերս է ստացել, բայց ո՛չ թե ՀՀ գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման տարբերակով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը կմերժի Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի: