Մահացել է Ջեմմա Անանյանը. Արա Բաբլոյանը ցավակցական հեռագիր է հղել
«Խոր ցավով տեղեկացա պետական և հասարակական գործիչ, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության երեք գումարումների խորհրդարանների պատգամավոր Ջեմմա Անանյանի մահվան մասին:
Շուրջ հինգ տասնամյակ նա իր կյանքը նվիրեց հայրենի Իջևանի շենացմանն ու զարգացմանը, արդյունաբերական նոր կարողությունների գործարկմանը, ակտիվորեն մասնակցեց Հայաստանի պետական կյանքին:
Որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի երիտասարդության գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա ՀՀ ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, նույն եռանդով մեծ ու շնորհակալ աշխատանք կատարեց այս ասպարեզներին վերաբերող օրենսդրական դաշտի մշակման ու կատարելագործման համար:
Ղարաբաղյան շարժման ընթացքում ևս Ջեմմա Անանյանն առանձնացավ իր քաղաքացիական բարձր կեցվածքով և անընդհատ հակադրվելով միութենական իշխանություններին` հաստատակամորեն պաշտպանեց Հայաստանի ու հայության շահերը:
Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջեմմա Անանյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: