«Լայաղ» չեն անում մեզ ընդունել»․ ազատամարտիկի ընտանիքը «դասադուլ» է հայտարարել (տեսանյութ)
Եղեգնաձորի բնակիչ Սամվել Մինասյանը վճռել է՝ իր 3 աղջիկները դասադուլ են անելու։ Ընտանիքն այս որոշմանը եկել է պետությունից տարիներ շարունակ աջակցություն չստանալու պատճառով։ Իսկ պահանջը միայն մեկն է՝ սեփական գործ սկսելու համար, ասել է թե՝ աշխատանքի մեջ մտնելու համար, վարկով փող ստանալ, որը նրան ոչ մի բանկ չի տվել։
Մինասյանը NEWSPRESS.am—ի հետ զրույցում նկատեց, որ այս խնդրով դիմել է նախկին իշխանությանը, սակայն այդպես էլ ոչնչի չի հասել։ Երկրում դրական փոփոխությունների ակնկալիքով մասնակցել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, սակայն այսօր ևս նույն պատճառաբանությամբ իրեն վարկ չեն տրամադրում։
Կառավարությունից պատասխանել են, թե իրենց լիազորությունների մեջ չէ բանկերին թելադրել, թե ում վարկ տրամադրեն։
Նա իրեն արհամարհված է զգում և ընտանիքի հետ՝ խորհրդանշական համազգեստներով եկել է կառավարության շենքի մոտ՝ իրենց խնդիրը բարձրաձայնելու։
«Տանս կողքին հողատարածք ունեմ, ուզում եմ մի փոքրիկ շինություն կառուցել, որ մի մասը վարսավիրանոց լինի՝ կինս աշխատեցնի, մյուս մասն էլ՝ ես խանութից-բանից աշխատեցնեմ։ Աղջիկներս մեծացել են, կարիքն էլ իր հերթին ավելացել է»,- ասում է ազատամարտիկը՝ հավելելով․ «Միացանք, հեղափոխություն արեցինք ու հիմա էլ դիմում ենք, «լայաղ» չեն անում մեզ ընդունել»։
Սամվել Մինասյանն Արցախյան ազատամարտի մասնակից է, երկրորդ կարգի զինհաշմանդամ։
Մանրամասները՝ տեսանյութում․