Մեր սխալները այլ տեղ են եղել․ Շարմազանովն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր և կուսակցության անունից վերահաստատում է այն տեսակետը, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ և դրական քայլ էր Հայաստանի ժողովրդավարության համար։
Նա լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայտարարությանը՝ նկատեց, որ Քոչարյանի կարծիքն իրենց համար նորություն չէ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների նախաձեռնելը և երրորդ ժամկետի գնալը:
«Կարծում եմ՝ ժամանակը դեռ ցույց կտա, որ խորհրդարանական համակարգին ամբողջական անցումը բխում էր պետության անվտանգության և պետականության շահի գերակայությունից: Ժամանակ է պետք, որ դրանում ևս մեկ անգամ համոզվենք»,-հայտարարեց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով կառավարելուն, ապա Շարմազանովն այն կարծիքին չէ, թե Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով պաշտոնավարի:
«Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով, որի մասին խոսել ենք: Մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի լավ դիմակայելու, անվտանգությունը գիտակցելու և Արցախի շահը պաշտպանելու ավելի իմաստուն, փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չունեինք: Ուստի հարգանքով վերաբերվելով երկրորդ նախագահի կարծիքին, բնականաբար, չենք կիսում իր դիրքորոշումը: Սա չի նշանակում, որ շատ ու շատ այլ հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»,- ընդգծեց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ նշելով, որ ՀՀԿ-ի սխալներն այլ տեղ են եղել։