Երկրում ոչինչ էլ չի փոխվել, ավելի վատ արդարադատության որակի հետ գործ ունենք․ Դոն Պիպոյին ապօրինաբար են պահում անազատության մեջ. փաստաբան
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Վերաքննիչ դատարանը մերժեց Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի նկատմամբ կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարվել էր վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը և Արթուր Ասատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել էր երկու ամսով։ Արթուր Ասատրյանի պաշտպանը բողոքարկել էր որոշումը։
Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումն ապօրինություն էր։ Նա նշեց, որ որոշումը դեռ իրենց չեն փոխանցել, իսկ դատական նիստի ժամանակ հրապարակել են միայն վերջին մասը, որով բողոքը մերժվել է։
«Զուտ դատական գործընթացի արդյունքները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ գործ ունեինք բացահայտ ապօրինության հետ։ Երկրում ոչինչ էլ չի փոխվել, ավելի վատին է գնացել, այսինքն՝ ավելի վատ արդարադատության որակի հետ գործ ունենք։ Դատաքննության արդյունքները որևէ հնարավորություն չէին տալիս դատարինին նման որոշում կայացնելու։ Թե՛ առաջին ատյանի դատարանում, թե՛ վերաքննիչում տեղի ունեցած 3 դատական նիստերի ընթացքում Արթուր Ասատրյանին կալանքի տակ պահելու պատճառները որևէ կերպ չհիմնավորվեցին։ Հակառակը՝ դրանց բացակայությունը լիովին հիմնավորվեց, բայց, այնուամենայնիվ, դատարանն ի զարմանս մեզ՝ կայացրեց ակնհայտ ապօրինի որոշում»,- ասաց Գեղամ Հակոբյանը։
Նա նշեց, որ դատարանի որոշումը ստանալուց անմիջապես հետո, կբողոքարկեն, իսկ հայաստանյան ներպետական ատյանները սպառելու և արդյունքի չհասնելու դեպքում էլ որոշումը կբողոքարկեն Եվրոպական դատարանում։
Պաշտպանը ևս մեկ անգամ վստահեցնում է՝ Արթուր Ասատրյանին կալանքի տակ պահելու համար ոչ մի հիմնավորված պատճառ չկա, և նրան ապօրինաբար են պահում անազատության մեջ։
«Այսինքն՝ դատաքննության ընթացքում իրավաբանորեն ոչ մի հիմք չկար ո՛չ քննիչի, ո՛չ դատախազի կողմից, որը կհիմնավորեր նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը»,- ասաց Գեղամ Հակոբյանը։
Նա դժվարանում է ասել՝ Արթուր Ասատրյանի նկատմամբ հետապնդումը քաղաքակա՞ն, թե՞ անձնական տիրույթում է, սակայն վստահ է, որ հետապնդում, այնուամենայնիվ, կա։