«Նոր իշխանությունը տեսավ, որ Սևանի նկատմամբ սիրո և համերաշխության զգացողություններից բացի, կան ոռոգման խնդիրներ»․ Աշոտյան
Նոր իշխանության մոտեցումը, թե նախորդները վատն էին, իսկ իրենք ավելի լավն են լինելու, չի դիմանում անգամ 100 օրվա քննադատությանը:
Այս մասին ԱԺ արտահերթ նիստում Սևանից հավելյալ 40 մլն խմ ջուր վերցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա, իհարկե, հասկանում է, որ նախորդ, այսինքն՝ իրենց կուսակցության իշխանությունը, ունեցել է բազմաթիվ խնդիրներ, բացթողումներ, սխալներ, բայց միևնույն ժամանակ վստահեցնում է, որ դրանց կողքին չեն ստվերվել հաջողության պատմությունները:
«Նոր կառավարությունը նույնպես կունենա լավ նախաձեռնություններ, բայց դժվար է ասել՝ արդյոք մեզանից ավելի լավ կաշխատի՞: Այս օրինագիծը դրա ապացույցներից մեկն է»,- ասաց Աշոտյանը:
Անդրադառնալով Սևանա լճից ջրառի իրականացմանը՝ Աշոտյանը նկատեց, որ այսօր ինքը կարող է այս հարցով Նիկոլ Փաշինյանի, Լենա Նազարյանի, Մանե Թանդիլյանի և Արտակ Զեյնալյանի, նախորդ տարի արված, քննադատական ելույթներից մեջբերումներ անել, սակայն չի անում: Պարզապես ընդգծում է, որ պետք է հասկանալ․ ամեն ինչ չէր, որ սխալ էր անում նախորդ իշխանությունը:
«Նոր իշխանությունը տեսավ, որ Սևանի նկատմամբ սիրո և համերաշխության զգացողություններից բացի, կան ոռոգման խնդիրներ, և գյուղացիների առջև իրենց պարտավորությունները պետք է կատարեն: Դուք վերջապես դառնում եք պետական մտածելակերպ կրող պատասխանատու չինովնիկներ: Դա անելու համար պետք չէ նորից փորձել խարազանել այն, ինչ արվել է մինչև ձեզ»,- ասաց Աշոտյանը: