Փաշինյանն ասաց՝ Սևանը տակառ չէ, բայց երևի նրան համոզեցին․ բնապահպանների բողոքի ակցիան՝ ընդդեմ Սևանի լճից լրացուցիչ ջրառի
Մինչ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառի իրականացման նախագիծը, խորհրդարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ՝ բնապահպաների հետ, բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք կոչ են անում պատգամավորներին՝ դեմ քվեարկել կառավարության հաստատած և ԱԺ ներկայացրած նախագծին։
«S.O.S Սևան» նախաձեռնության մասնակիցները նկատում են, որ անկախ կառավարության փոփոխությունից՝ իրենք պետք է պայքարեն Սևանի խնդրի համար։
Հիշեցնենք, որ նախաձեռնող խումբն անցյալ տարի նույն տարբերակով պայքարում էր 100 մլն խմ ջրառի իրականացման նախագծի դեմ, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց նպատակին հասցնել պայքարը, քանի որ ԱԺ-ն քվեարկեց հօգուտ նախագծի։ Այնպես որ, ինչպես նկատեց նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Հակոբյանը, ԱԺ-ի հետ այս անգամ էլ մեծ հույսեր չեն կապում։
Բնապահպանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ԱԺ-ում այսօր էլ նստած է նույն կազմը։
Իհարկե, Սիլվա Հակոբյանը չի սխալվում, բայց հարկ է նկատել, որ եթե նախորդ տարի Հանրապետական խմբակցությունը՝ որպես իշխող ուժ և մեծամասնություն շահագրգիռ կողմ էր հանդիսանում Սևանից ջուր բաց թողնելու հարցում, ապա այսօր նա հանդես է գալիս «ընդդիմադիր» դաշտից և դեմ է դրան։ Նկատենք, որ այս պահին Սևանից ջուր բաց թողնելու հարցին դեմ են հանդես գալիս նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները։
Նրանք նշում են, որ դա մեծապես կվնասի Սևանին ու կնպաստի ճահճացմանը։
Իսկ բնապահպաններն էլ հիշեցնում են Նիկոլ Փաշինյանի խոստումը, թե իբր հնարավոր կլինի ոռոգման հարցը կազմակերպել առանց լրացուցիչ ջրառի, և Սևանին չեն դիպչի:
«Վարչապետը բերեց ջրով լի տակառի օրինակը ու ասաց, որ չի կարելի բաժակ-բաժակ ջուր վերցնել ու դատարկել այն, մենք ուրախացանք, բայց հիմա պարզվում է՝ նրան համոզել են, որ կարելի է դատարկել այդ տակառը․․․ թույլ տվեք Սևանը շնչի»,- ասաց Սիլվա Հակոբյանը։