ՀՔԾ պարզաբանումը՝ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկության վերաբերյալ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում:
Այդ կապակցությամբ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց՝ նկատելով, որ խուզարկությունը ոչ թե նոր է իրականացվել, այլ մոտ 3 շաբաթ առաջ: Այնպես որ, Վիկտոր Սողոմոնյանի համար անհասկանալի էր, թե որն է այդ տեղեկատվության ուշացած շրջանառման իմաստը:
Դրանից հետո ՀՔԾ-ից նոր հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության փաստը»: