Արժեհամակարգը պետք է տեսանելի լինի ոչ միայն Երևանում, այլև ամենահեռավոր մարզերում. Արտակ Զեյնալյան (լուսանկարներ)
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այցելել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջու
«Շրջել ենք ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում: Ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ուղեկցությամբ ծանոթացել եմ կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմաններին և իրականացվող գործառույթներին:
Շրջայցի ընթացքում խորհրդակցություն եմ անցկացրել Պրոբացիայի պետական ծառայության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ծառայության արդյունավետության ապահովման հետ կապված մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ էլեկտրոնային մոնիթորինգի կիրառմամբ այլընտրանքային խափանման միջոցի ներդրման և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հանրային աշխատանքներում ներգրավված անձանց կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված քայլերը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև e-probation էլեկտրոնային համակարգի ներդրման և Քրեակատարողական համակարգի տեղեկատվական շտեմարանին Պրոբացիայի պետական ծառայության էլեկտրոնային հասանելիության ապահովմանն առնչվող հարցերին, որոնք էականորեն կբարելավեն ծառայության աշխատանքների արագությունը և արդյունավետությունը:
Նաև կարևորել եմ աշխատակիցների կողմից Պրոբացիայի պետական ծառայության շահառուների մոտ հանրային իշխանության հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորումը և ընդգծել, որ այս արժեհամակարգը պետք է տեսանելի լինի ոչ միայն Երևանում, այլ ամենահեռավոր մարզերում նույնպես»,-գրել է Արտակ Զեյնալյանը: