Հեղափոխությունը նոր է սկսվում․ դիմադրությունը ուժեղանալու է, կռիվ է լինելու
«Կարևոր է, որ և՛ հասարակությունը, և՛ իշխանությունը հասկանան, որ դիմադրությունը ոչ թե թուլանալու, այլ ուժեղանալու է. կռիվ է լինելու»:
Այս համոզմունքին է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ արդեն նախադրյալներ կան՝ դիմադրություն լինելու է թե՛ ներսում, թե՛ դրսում։ Ընդ որում, նա նաև ընդգծում է, որ եթե լինի զինված քայլ, ապա նշանակում է կա արտաքին միջամտություն:
«Իշխանափոխությունը թավշյա էր, բայց հիմա ուրիշ փուլ է սկսվում: Կռիվ՝ չի նշանակում, որ գլուխդ պիտի կորցնես, չի նշանակում, որ աջուձախ պիտի կոշտ միջոցների դիմես. հակառակը՝ խելոք կռվողը նա է, որ 10-ից 9 անգամ կփորձի դիմացինին իրենով անել, շատ շերտեր այդպես կարող ես կտրել ռևանշիստական ճամբարից, վերջում նոր պետք է անցնել կոշտ միջոցներին, ուղղակի դիմացինը պետք է վստահ լինի, որ դու ունակ ես կոշտ միջոցներ կիրառելու։ Հեղափոխությունը նոր է սկսվում, և պետք է գնալ հանրահավաքի. Պետք է լինենք խաղաղ, բայց պատրաստ լինենք դիմադրությանը հակադարձելու»,-նշել է հրապարախոսը։
Նրա դիտարկմամբ՝ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ընտրել է, որպես համաժողովրդական ընդվզման առաջնորդ, այդ ընդվզմանը պետք է տալ կազմակերպված ձև։