Արցախի կարգավորման շուրջ ոչինչ չի փոխվի, քանի դեռ Փաշինյանը չի մերժել Մադրիդյան փաստաթուղթը
Արցախյան խնդրում փոփոխություններ չկան, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի մերժել Մադրիդյան սկզբունքները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Նա նկատեց, որ Մադրիդյան փաստաթուղթը շարունակում է մնալ բանակցությունների սեղանին, մինչդեռ այն պետք է մերժվեր, քանի որ այդ փաստաթուղթը հակաարցախյան է և հակատարածաշրջանային:
«Այլ բան չունենք սեղանի վրա, մենք ունենք միայն ու միայն Մադրիրդյան սկզբունքներ: 1990-1991 թթ-ին, և 1992 թ-ին Հայաստանը համաձայնել է մի շատ տխուր կետի հետ, որը արտահայտել էր հարցազրույցի ընթացքում առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ դրա՝ Հայաստանը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ ավելի բարձր կարգավիճակով՝ ինքնավար հանրապետության: Դրանից այն կողմ հայկական կողմը որևէ ռեալ քայլ չի արել՝ փոխելու համար այդ մոտեցումը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով, թեև 2-րդ և 3-րդ նախագահները խիստ կոշտ ասել են, որ Արցախը չի կարող ենթարկվել Ադրբեջանին, քանի որ երբևէ չի եղել նրա կազմում, բայց այդ խոսքը եղել է բանավոր և փաստաթղթում ամրագրված չէ։
Նախկին օմբուդսմենը նկատում է նաև, որ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին հայտարարում էր, թե Արցախը պետք է բանակցային սեղանի կողմ լինի, սակայն բոլոր փաստաթղթերում նշված է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին միայն վերջին փուլում: