Նիկո՛լ, հարգելի՛ս, սխալ խորհուրդ եք տվել... (լուսանկարներ)
Արամ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով նա հորդորել է գյուղացիներին «պարապ չմնալ և ոչխար պահել»։ Նա կից հրապարակել է նաև լուսանկարներ․
«Նիկոլ, հարգելիս, սխալ խորհուրդ եք տվել։
Լուրջ եմ ասում։ Ինչպես թե գյուղացուն (այն էլ անտառոտ վայրի) ասել եք՝ ամեն մեկդ տասը ոչխար պահեք։ Ախր, ժամանակին ձեր «Հայկական ժամանակում», «Գարուն»-ում, «Առավոտ»-ում, Գրական թերթում գրել եմ, որ Հայաստանի անապատացման հիմնական պատճառը մանր խոշոր եղջերավոր անասնապահությունն է, որ այն չարիք է, որ տասը ոչխարի փոխարեն շատ ավելի շահավետ է մեկ կով պահելը, բերել եմ Շվեյցարիայի օրինակը, իսկ դուք․․․
Գիտե՞ք, թե ինչու են հայաստանյան աղբյուրները ցամաքում, մեր մեկ կովի տարեկան միջին կաթնատվությունն ինչու է երեք անգամ պակաս Շվեյցարիայից (մերը 2035 լիտր է , նրանցը՝ 6000), քոչվորների աչքն ինչու նրանց լեռնային արոտավայրերի վրա չէ, ինչու է զբոսաշրջությունն այնտեղ զարգացած, յուղառատ պանիրը՝ համբավավոր, գետերը՝ հորդ, լեռնաշխարհը՝ ձգող-կանչող-հրապուրող, փարթամ, կենդանաշատ, որովհետև նրանք ընդամենը տասը հազար մանր եղջերավոր անասուն ունեն, մենք՝ մեկ միլիոնից ավելի (սովետի տարիներին պահ եղավ, հասել էր երեք միլիոնի)․․․
Սխալ եք, այս հարցում արմատապես սխալ եք, կրտսեր եղբայր։ Ինձ չե՞ք հավատում, այլոց ավելի վաղ ահազանգերը տեսեք նույն «Գարուն»-ում՝ Պայքար Գևորգյանի, Վազգեն Սարգսյանի․․․»,-գրել է օգտատերը։