Բերդավանում բռնկված հրդեհը հազիվ են մարել․ ադրբեջանական կողմից ինտեսիվ կրակոցներ են եղել
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանում ադրբեջանական կողմից կրակոցները հաճախակի են դարձել։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին մի քանի քաղաքացիներ, ովքեր մի քանի օրով այցելել էին Բերդավանի իրենց հարազատներին։
«Հուլիսի 31-ի իրիկունը գնացինք, կրակոցներ կային․․․ նախատեսել էինք մեկ շաբաթ մնալ, բայց 3 օր մնացինք։ Կրակոցներից գիշերը չէինք կարողանում քնել․ ավելի շատ վախն էր, քան ձայները․․․ մեր մեր վերադարձից առաջ էլ հրդեհ բռնկվեց»,-ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ գյուղում ասում էին, թե հրդեհի պատճառը կրակոցներն են։ Բացի այդ, մեր զրուցակցի խոսքով գյուղացիները հազիվ են կարողացել մարել հրդեհը, քանի որ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմից ինտեսիվ կրակոցներ են եղել։
Հիշեցնենք, որ Բերդավանում օգոստոսի 2-ին ադրբեջանական կողմից բռնկված հրդեհից այրվել է մոտ 10 հեկտար խաղողի այգիներ: Հրդեհը հաջողվել է մարել գյուղացիների, հրշեջների օգնությամբ:
Ընդհանուր առմամբ վնաս է կրել 10-12 ընտանիք։