Վահե Էնֆիաջյանը՝ Վարդան Բոստանջյանի հրաժարականի իրական պատճառների մասին
Տեղեկացնում եմ, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տարբեր ասեկոսեներն ու հրաժարականի անիրական դրդապատճառները՝ տեղեկացնում եմ, որ մեր գործընկերոջ այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ: Այդ մասին ասված է «Ծառուկյան» խմբակցության քարտողար Վահե Էնֆիաջյանի տարածած հաղորդագրության մեջ:
«Առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: Այդ մասին կարող եք տեղեկանալ անձամբ իրենից: Պարոն Բոստանջյանն արդեն իսկ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել: Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, և «Ծառուկյան» խմբակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին: Հորդորում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին այլ ենթատեքստեր չփնտրել»,- ասված է հայտարարության մեջ: