Նոբել Առուստամյանն ու Թիմուր Ժուրավելը հատուկ եկել են Երևան՝ «Փյունիկ»-ին երկրպագելու (տեսանյութ)
Հայտնի մեկնաբաններ Նոբել Առուստամյանը և Թիմուր Ժուրավելը հատուկ «Փյունիկ» - «Տոբոլ» խաղի համար ժամանել են Երևան։ Այդ մասին ասված է ակումբի ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից ներկայացված է նաև տեսանյութ, որտեղ Առուստամյանը նշել է, որ հատուկ ժամանել է Երևան՝ «Փյունիկ»-ին երկրպագելու:
Ժուրավելն իր հերթին նշել է, որ ոչ միայն խաղի համար է եկել, այլ նաև երբևէ չի եղել Հայաստանում: Նա գտնում է, որ Նոբելի հետ Երևան պետք էր անպայման գալ:
Իսկ Երևանի բոլոր բնակիչներին Առուստամյանը հորդորել է երեկոն անցկացնել մարզադաշտում, երկրպագել «Փյունիկ»-ին «Տոբոլ»-ի դեմ խաղում, քանի որ սա որակավորման փուլի պատասխան հանդիպումն է. «Անպայման եկեք»,- ասել է Առուստամյանը:
«Աշխարհի առաջնությունն ավարտվել է, բայց ֆուտբոլը շարունակվում է»,- իր հերթին ասել է Ժուրավելը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանարպետական մարզադաշտում Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Երևանի «Փյունիկ»-ն ուժերը կչափի ղազախական «Տոբոլ»-ի հետ: Ղազախստանում կայացած հանդիպման ժամանակ մերոնք զիջել են 1:2 հաշվով:
Հանդիպման մուտքն ազատ է: