Քաղաքակրթությունից նորից դեպի փողոց․ «փողոցային կոռուպցիան» ամենաթողություն է ստացել (ֆոտո)
Հազիվ էին երևանցիներն սկսել շունչ քաշել ու հարմարվել փողոցային հակահիգիենիկ առևտրային վիճակներից դուրս գալուն, երբ մայթերը նորից լցվեցին մրգերով, բանջարեղենով ու բոլոր այն մթերքներով, որոնք մայթերին հայտնվելուց հետո, հաշված ժամերի ընթացքում, սկսում են փչանալ ու գարշահոտություն տարածել։
Անհերքելի է այն, որ մայթերին տառացիորեն թափված սնունդն անհարմարություն է ստեղծում անցորդների համար, կեղտոտվում՝ կեղտոտելով տարածքը և ականատես դարձնում տհաճ տեսարանների․ մի խոսքով՝ մարդիկ փողոցներից գնում են մեքենաների արտանետումներով, փողոցի փոշով ու ցեխով աղտոտված, թունավորված ու հազար ու մի հիվանդությամբ վարակված, առողջության համար վտանգավոր դարձած մթերքներ:
Որքան էլ եղան դժգոհություններ, այնուամենայնիվ, ժամանակին քաղաքապետարանի կողմից կայացված որոշումը` փողոցային առևտուրն արգելելու մասին, իրավաչափ էր և արդարացի: Փողոցները մաքրվել էին կեղտոտ ու վտանգավոր սննդից, կեղտից, տեղ-տեղ՝ գարշահոտությունից, ու արդեն բոլորն անցել էին քաղաքակիրթ առևտրի։
Սակայն, այսօր արդեն փողոցի առևտուրը մեծ թափ է առել։ Հարկ է նկատել, որ վերոհիշյալ բացասական դրևորումներին զուգընթաց թափ է առնում նաև «փողոցային կոռուպցիան»։
Այսպես՝ մի կողմից երկրում փաստորեն պայքար է գնում կոռուպցիայի դեմ, մյուս կողմից՝ կոչերը, թե՝ ժողովո՛ւրդ ջան, բոլորդ կարող եք ինչպես ուզում եք առևտուր անել, նոր կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ բերում:
Գրեթե բոլորը գիտեն, որ փողոցային առևտուր իրականացնողները վճարում են «հարկեր», այսինքն` փողոցի այդ հատվածում կանգնելու համար քաղաքացիները գումար են տալիս «իքս» մարդկանց, ովքեր այն պարզապես գրպանում են։
Միամիտ պետք է լինել մտածելու համար, թե առևտրականները փողոցում կանգնելու համար ոչ ոքի գումար չեն տալիս․․․
Իհարկե, այս մարդիկ, փողոցային առևտուրն արգելելուց հետո, հասցրել են հայտնվել նաև փակ առևտրի կենտրոններում ու շուկաներում, սակայն հարկերի պատճառով դարձյալ վերադարձել են փողոց, հատկապես որ սուպերվարչապետը հնարավորություն էր ընձեռնել առևտուր իրականացնելու։
Հիմա խնդիրը նաև հետևյալն է․ եթե այս մարդկանց արգելեն առևտուր անել, ապա նրանց բանակը կմիավորվի ու բողոքի ակցիաներ կանի, ինչպես դա արվեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք։ Առավել ևս այսօր, երբ նրանք արդեն ցույցերի ու փողոց փակելու փորձ ունեն՝ արդյունավետ կկոորդինացնեն ակցիաները։ Սա, սակայն, քիչ հավանական տարբերակ է, քանի որ երկրի ղեկավարին ձեռնտու չէ ավելորդ դժգոհության ալիք բարձրացնել, ու արդյունքում մայթերը, մեկը մյուսի հետևից, շարունակում են լցվել մթերքներով, որոնք խիստ ռիսկային են առողջության համար:
Իհարկե, երբեմն վաճառողները, փորձելով մաքուր պահել սննդամթերքի շրջակայքը, ավլում են տարածքն ու ամբողջ փոշին փաստացի լցնում մթերքի վրա․․․ հատկանշական է նաև, որ փողոցում վաճառվող մթերքները վտանգավոր են նաև արևի տակ մնալու դեպքում։
Ու մինչ այս օրերին իշխանություններն զբաղված են պաշտոններն իրար մեջ բաժանելով, ու կոռուպցիան իբր արմատախիլ անելով՝ անտերությունից վիճակն ավելի է բարդանում։
Մի խոսքով՝ քաղաքակրթությունից հետքայլ ենք անում նորից դեպի փողոց․․․
Արմինե Մկրտումյան