Ալեգրին նույնպես հաստատեց․ «Ես Բոնուչիի հետ խնդիրներ չունեմ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իտալական «Միլան»-ի ղեկավարները հայտարարել են, որ թիմի ավագ Լեոնարդո Բոնուչին ցանկանում է վերադառնալ «Յուվենթուս»։
Այս մասին խոսել էր նաև թիմի գլխավոր մարզիչ Գատուզոն ու նշել, որ Բոնուչին ցանկանում է լքել ակումբը։ Նախորդ մրցաշրջանի ամենաանսպասելի տրանսֆերը Բոնուչիի տրանսֆերն էր։ Բոլորն այդ տեղափոխությունը կապում էին Մասիմիլիանո Ալեգրիի հետ։ Արդեն այսօր Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշեց, որ ժամանակին տարաձայնություններ եղել են Բոնուչիի հետ, ու դա նորմալ է, քանի որ աշխատանքի մեջ այդպիսի տարաձայնություններ նա ունեցել է բոլորի հետ։
Իտալացի մասնագետը նշեց նաև, որ այժմ խնդիրներ չունի նրա հետ։ Ընդգծենք նաև, որ ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ Բոնուչիի տեղափոխությունը «Միլան»-ը կկապի Գոնսալո Հիգուաինի տրանսֆերի հետ։