«Դատարկ մնացած սայլակները․․․ Քաղցկեղ․․․»․ NEWSPRESS.am-ի բացառիկ ֆոտոշարքը (լուսանկարներ)
Մինչ մենք ուրախ ենք, առողջ, սակայն բողոքում ենք կյանքի անարդարության, ցածր աշխատավարձերի ու շատ հաճույքներից չօգտվելու մասին, խուլ ու մութ հիվանդասենյակներում, մահվան շունչ տեսած մահճակալների մեջ տառապում են մարդիկ, որոնց միավորում է մեկ դաժան իրողություն՝ քաղցկեղը։
Նեղ ու մութ միջանցքներում նրանք քայլում են, դիտում պատուհանից դուրս ընթացող կյանքը, մարդկանց ու երեխաներին։ Այդ միջանցքներում քայլում են նաև երեխաներ, ովքեր դեռ կյանքը լիարժեք չտեսած ու չճանաչած պիտի հրաժեշտ տան, գնան։
Հիվանդանոցների միջանցքներում սայլակներն են, պատգարակները, որոնք դատարկ են, մռայլ ու խորհրդավոր։ Բավական է նստել, նայել դրանց, ու պարզ կդառնա, թե ինչ պատմություն ու ողբերգություն կա թաքնված այդ սայլակների ու պատգարակների կենսագրության մեջ։
Միջանցքներում լռություն է, հիվանդասենյակներում տառապող մարդիկ են, ովքեր պայքարում են մի քանի օր, ժամ կամ շաբաթ ավելի կյանքի համար։
Իսկ դրսում մենք ենք՝ ամեն ինչից դժգոհ մարդիկ ու չենք էլ հասկանում, որ մեզանից այն կողմ մարդիկ կան, ովքեր պայքարում են մի բուռ կյանքի համար...