Արդարադատության նախարարը՝ Ռոբերտ Քոչարյանի դատաքննության և ՍԴ որոշման մասին
Հայաստանում բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք՝ անկախ անձանցից, անկախ որևէ այլ հատկանիշից: Բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք: Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է ակնկալել արդար դատաքննություն:
Խոսելով Քոչարյանի՝ «Երկիր մեդիա», հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած տեսակետի մասին, թե՝ ստացվում է, որ ՍԴ որոշումն էլ պետք է չեղյալ համարել, Զեյնալյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը չէր վերաբերում կոնկրետ այն մեղադրանքին, որն առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանին:
«Դա վերաբերում է ընտրության արդյունքներին և սրա հետ որևէ առնչություն չունի: ՍԴ որոշմամբ՝ դեպքերին գնահատական չի տրել»,- նշեց Զեյնալյանը:
Հարցին էլ, թե ի պաշտոնե ծանո՞թ է Մարտի 1-ի գործի վերաբացմանը, հետևո՞ւմ է ընթացքին, նախարարը պատասխանեց, որ դա իր ենթակայության տակ չէ:
«Ես դրա ընթացքին չեմ հետևում, տեղյակ եմ այնքան, որքան հրապարակվում է մամուլում: Դրանից ավել այս պահի դրությամբ որևէ մեկն իրավունք չունի իմանալու»,- ասաց Զեյնալյանը՝ կրկին շեշտելով, որ Հայաստանում բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք: