Չեմ կարծում, որ ընտրությունների ժամանակ նոր իշխանությունը կկրկնի հնի սխալները. Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված խնդիրներ է տեսնում՝ կախված այն բանից, թե ինչ ձևաչափով կընթանան ընտրությունները։
Նա լրագրողների հետ զրույցում նկատում է, որ ընտրությունները կլինեն բոլորովին այլ՝ նոր մթնոլորտում։
«Երևանը քաղաքական զարգացումների թատերաբեմն է եղել, և այս նոր իրողությունները պարտադրելու են նոր մոտեցումներ քաղաքական ուժերին, որ իրենց մարտավարությունը ճշտեն, քարոզչության ձևերն ու մեթոդները մշակեն»,- ասաց Ռուստամյանը։
Նա հիշեցրեց, որ նախկին ընտրություններին չեն մասնակցել միայն այն պատճառով, որ մասնակցության այլ ձևաչափ էր, այլ մոտեցում։ Ռուստամյանի խոսքով` ԱԺ ընտրությունները եղան ընտրակաշառքով և վստահ էին, որ ավագանու ընտրությունները ևս պետք է այդկերպ անցնեին։ Հիմա, պատգամավորի գնահատմամբ, պետք է որ լինի նոր ընտրական միջավայր, որն ավելի քաղաքական ու ազատ ընտրություններ է ենթադրում։
ՀՅԴ պատգամավորը վստահ չէ, բայց ենթադրում է, որ հեղափոխության ալիքի վրա եկած իշխանությունը չի կրկնի նախորդի սխալը։
«Քանի դեռ մեր աչքով չենք տեսել, ոչ մի բանում էլ համոզված չենք, բայց ես ենթադրում եմ, որ նոր, հեղափոխական ալիքի վրա եկած իշխանությունը չպետք է կրկնի նախորդների սխալները, որովհետև տեսել են նախորդների ճակատագիրը»,- ասում է Ռուստամյանը։
Նա համաձայն չէ այն դիտարկման հետ, թե առաջիկա ընտրություններում ՀՅԴ-ն չի հաջողի։
«Այդ կարծիքները միշտ էլ եղել են, ցանկացած իրադարձությունից հետո համարել են, որ Դաշնակցության գործերն ավարտված են, պետք է ՀՅԴ-ն իր ճամպրուկները կապի, գնա: Բայց, ինչպես տեսնում եք, բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում է»,-եզրափակեց Ռուստամյանը։