Գատուզոն հաստատել է՝ Բոնուչին ուզում է հեռանալ «Միլան»-ից
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ թիմի ավագ, պաշտպան Լեոնարդո Բոնուչին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է լքել ակումբը:
«Ես խոսել եմ Լեոյի հետ, պետք է ազնիվ լինել և իրերն իրենց անուններով կոչել: Մենք հանդիպել ենք, բայց ես ակումբը չեմ, այնպես որ՝ արժե, որ նա խոսի թիմի ղեկավարության հետ: Քանի դեռ նա չի լքել հանդերձարանը, ես ուզում եմ տեսնել այն Բոնուչիին, որին հետևել եմ վերջին 12 օրվա ընթացքում՝ պրոֆեսիոնալին և լիդերին, որը կարող է թիմին առաջ մղել:
Մնացածը Լեոյի և ակումբի որոշելիքն է, բայց ես հուսով եմ, որև նա կմնա մեզ հետ: Կարծում եմ՝ եթե խաղացողը նման ցանկություն է հայտնում, ապա մարզիչը պետք է անի ամեն ինչ, որպեսզի համոզի նրան մնալ»,- Գատուզոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բոնուչին իր գործակալի միջոցով խնդրել էր «Միլանի»-ին՝ իրեն տրանսֆերի հանել: