Ողջ իրականությունը. ինչո՞ւ են Սանասարյանին հեռացնելու պաշտոնից
Այս օրերին տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ նախատեսված է պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հրաժարականը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է քաղաքական կուրսի փոփոխությունից հետո։
NEWSPRESS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչով է պայմանավորված Սանասարյանի հրաժարականի մասին ինֆորմացիաների տարածումը։
Բանն այն է, որ միայն տեսական գիտելիքների տիրապետող մարդը չի կարող միանգամից անցնել բարձր պաշտոնի և չունենալ մանր խնդիրներ։ Նմանօրինակ մանր խնդիր էլ Սանասարյանի և իր տեղակալ Հայկ Սարգսյանի միջև է առաջացել։
Սրվել են պետի և տեղակալի հարաբերությունները, իսկ այս հարցին պետը չի կարողանում կտրուկ լուծում տալ, քանի որ իր տեղակալն ավելի ամուր կապի մեջ է վարչապետի հետ։
Եթե հիշում եք՝ Հայկ Սարգսյանը դեռևս Նիկոլ Փաշինյանի պատգամավորական ընտրությունների ժամանակվանից էր նրա հետևում կանգնած, իսկ հեղափոխական շրջանում կես մետր հեռու չէր գնում Փաշինյանի թիկունքից։ Խոսվում է այն մասին, որ նրա նշանակումն այդ պաշտոնին հենց Սանասարյանին վերահսկողության տակ պահելու համար էր։
Սարգսյանի և Սանասարյանի վատ հարաբերությունների մասին տեղեկությունը հասել է Փաշինյանին, ինչը, բնականաբար, Փաշինյանը ներել չի կարող։
Եղել է խոսակցություն այն մասին, որ Սանասարյանի ղեկավարած կառույցը բառի բուն իմաստով պարապուրդի է մատնված, նա զբաղված է միայն ստատուսներ շաղ տալով ֆեյսբուքյան տիրույթում և դա այն դեպքում, որ ունենալով հզոր լծակներ և կանաչ լույս բոլոր կառույցներ մտնելու՝ ոչ մի նախաձեռնություն չի ցուցաբերել, էլ ո՞ւր մնաց որևէ բացահայտում։
Նիկոլ Փաշինյանը, համադրելով այս ամենը, Սանասարյանին տվել է մեկ շաբաթ ժամանակ. որոշի՝ կա՛մ-կա՛մ։
Իրականում, շատերին էր հայտնի այս պաշտոնյայի տեսակը՝ դեկլարատիվ տեքստերից անդին դատարկություն։
Դավիթ Սանասարյանը, չլինելով պետական ապարատում, երբեք չի էլ պատկերացրել դրա կառավարման սկզբունքները, թույլ և ուժեղ կողմերը, այլ միայն սերտել է անգլերենն ու ստացել տեսական գիտելիքներ ԱՄՆ-ում։
Լուսանկարում Հայկ Սարգսյանն է