Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ. կրակոցները կարող են կրկնվել
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկ՝ հուլիսի 20-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ:
Այս լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այդ հատվածում պաշտպանիչ պատեր կան ու կրակոցները եղել են հենց այդ ուղղությամբ:
«Հրազենային զենքերից մի քանի հատիկ կրակել են: Թիրախային լարվածություն չկա»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նման կրակոցները նորմալ են:
Հարցին, թե հաճախակի՞ են այդ կրակոցները լինում, որ սովորական են դարձել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդքան էլ հաճախ չեն, բայց երբեմն-երբեմն լինում են»:
ՊՆ խոսնակը չբացառեց նաև, որ այդ կրակոցները կարող են կրկնվել և կարող են նաև վնասներ ու տուժողներ լինել:
Իսկ հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ միջդիրքային տարածքի կրճատման հետևանքով է նման միջադեպերի թիվն ու հավանականությունն աճել, Արծրուն Հովհաննիսյանը կարճ պատասխանեց. «Տավուշում՝ ո՛չ...»: