Աշխատավարձերն ու թոշակները կավելանան, երբ բյուջե վերադարձվեն թալանված գումարները
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, սակայն հստակ ժամանակացույց չի նշում։
Այսօր՝ հուլիսի 20-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կառավարության առաջ դրված է այդպիսի խնդիր, սակայն դա արվելու է կառուպցիայի դեմ պայքարի ծրագրի համատեքստում։
«Ստվերի, կոռուպցիա դեմ պայքարի նպատակը բանտերը մարդկանցով լցնելը չէ: Առաջին նպատակն այն է, որ ապահովենք մաքսիմալ հավասար դաշտ տնտեսական բնագավառում, 2-րդը՝ պետությանը, ժողովրդին հասանելիք գումարները գանձենք՝ այդպիսով ավելացնելով պետական եկամուտները»,- ասաց վարչապետը։
Այլ կերպ ասած՝ աշխատավարձերն ու թոշակները կավելանան, երբ բյուջե վերադարձվեն թալանված գումարները։
Նա նկատեց նաև, որ ներառող տնտեսական համակարգի ստեղծումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար տնտեսական դաշտի ապահովումը թույլ կտա ավելացնել պետական եկամուտները։
«Մենք, բնականաբար, դա ծախսելու ենք պետական նպատակների համար, այդ թվում՝ թոշակներ և աշխատավարձեր․․․ Ամեն օր դուք տեսնում եք կոռուպցիոն բնույթի բացահայտումներ, ամեն օր որոշակի գումարեր են գեներացվում: Մեզ hամար շատ կարևոր է ամփոփել մի փուլ, և կայացնենք այնպիսի որոշում, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացնել: Մեր պետական պարտքն արդեն իսկ հատում է մեր՝ օրենքով նախատեսված վերին սանդղակը: Չեմ կարծում, որ վարկերի ծախսման պատմություններ թողած մենք նոր վարկեր պետք է ներգրավենք»,- ասաց նա։