Շուրջ 300 միլիոն դրամի խախտումներ են հայտնաբերվել Սերժ Սարգսյանի խնամու ղեկավարած հիվանդանոցում
Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի գլխավորած՝ «Սուրբ Գրիգոր Լոուսավորիչ» բժշկական կենտրոնում խախտումներ են հայտնաբերվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Խախտումներ հայտնաբերվել են, խախտումների մասին հաղորդագրությունն ուղարկվել է Դատախազություն՝ պարզելու համար, արդյոք կա՞ն քրեական գործի տարրեր: Խախտումների հիմնական բնույթը, այսինքն՝ ամենամեծ մասը կազմել են չբուժված հիվանդների համար գանձված գումարները, երբ հիվանդները չեն պառկել հիվանդանոց, բուժում չեն ստացել, բայց պետությունից գումարներ են գանձնել: Միջանկյալով մենք այս պահին մոտ 300մլն դրամի դեպք ենք հայտնաբերել»,- ասաց նախարարը:
Մասնավորեցնելով՝ նա նշեց, որ խոսքը սոցփաթեթի ծրագրի մասին է. «2016թ. մարդիկ պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն, որի համար պետությունը վճարում էր 8000 դրամ: Այդ մարդկանց՝ շուրջ 90 տոկոսը ձևակերպվել է ստացիոնար բուժման, և նրանցից յուրաքանչյուրի համար գանձվել է 100-200 հազար դրամ»:
Նախարարը նշեց նաև, որ այլ բուժհիմնարկներում ևս ստուգումներ են ընթանում: Նա ասաց, որ ստուգվելու է հիմնականում հիվանդների շարժը երեկոյան ժամերին. նախարարության աշխատակիցները մտնելու են, պարզեն՝ գրանցված, ասենք, 100 հիվանդից քանիսն են հիվանդանոցում և քանիսը բացակա: