Չեմ թաքցնի՝ ցանկություն ունեմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու. Արթուր Վանեցյան
ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը պատրաստ է ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին, եթե նա համաձայնի լինել այդ պաշտոնում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Վանեցյանը:
Լրագրողի հարցին, թե արդյոք շահերի բախում չի՞ տեսնում Վանեցյանը, այն հարցում, որ ուժային կառույցի ղեկավարը նաև ՀՖՖ-ն ղեկավարի, ԱԱԾ պետը նշեց. «Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելու դեռևս վերջնական որոշում չունեմ: Չեմ թաքցնի՝ ցանկություն ունեմ և մտածում եմ այդ ուղղությամբ: Ես պատրաստ եմ առաջադրվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, իսկ կընտրվեմ, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինեմ ֆեդերացիայի նախագահ: Եթե բարձրագույն լիգայում խաղացող թիմերը կցանկանան միասնական թեկնածու առաջադրել և այդ պաշտոնում կտեսնեն ինձ, ես շատ մեծ սիրով այդ ժամանակ կընդունեմ»:
Դիտարկմանն էլ, թե ֆեդերացիայի գործկոմի կազմում են մի շարք ՀՀԿ-ականներ՝ Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը և այլն, Վանեցյանը կարճ պատասխանեց՝ Գործկոմն ամբողջությամբ կփոխվի:
Հիշեցնենք, որ ՀՖՖ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը չի առաջադրվի, եթե առաջադրվի Արթուր Վանեցյանը, քանի որ կարծում է՝ այդ պարագայում պայմանավորված խաղեր չեն լինի, իսկ դա իր ամենամեծ նպատակներից է: