«էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»-ի հետքերով. Արփինե Հովհաննիսյանը ներողություն է խնդրում (տեսանյութ)
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում՝ ակտիվ նշելով ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը և մասնավորապես գրելով.
«Արփինե Հովհաննիսյանը, ստորև բերված տեսանյութում, ըստ ամենայնի իմ մասին ասում է, որ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:
Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չէր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ:))))
Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված)»:
Դանիել Իոաննիսյանի նշած հատվածը՝ 1:25:40-ից
Դրանից րոպեներ անց Արփինե Հովհաննիսյանը հանդես եկավ պատասխան գրառմամբ և նշեց, որ իր խոսքերը վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին.
«Դանիել Իոաննիսյանի գրառման մասով արդեն իսկ պարզաբանել եմ:
Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին ( պարզ չէր ի վերջո ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը ( գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»,- գրել է Հովհաննիսյանը։
Իսկ ավելի ուշ մեկնաբանություններում ավելացրել՝ որ եթե կամ երբ սխալ է հասկացվում կամ սխալ է թույլ տալիս, ներողամտություն հայցելը արժանապատվությունից ցածր չի համարում։