Երբ թերհաս նախարարը հասարակությանը «թերհաս» է որակում
Այսօր Երևանում կայացավ «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով քննարկումը, որի նպատակն էր բացահայտել կրթական հաստատություններում ներառական կրթության համար պայմանները, իրականացնել դրանց բարելավման ուղղությամբ որոշակի ծրագրեր և քայլեր:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարներն իրենց խոսքում կարևորեցին գերատեսչությունների միջև համակարգված աշխատանքը և շեշտեցին, որ ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է նախևառաջ ներառական հասարակություն ունենալ:
Այս հասարակություն բառի վրա տեղին է մեջբերել մեր նորաթուխ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մի «բլթոց», որը, կարելի է ասել, հերթական ապտակն էր նրան նախարար դարձրած Նիկոլ Փաշինյանին ու այն հասարակությանը, որն իրականություն դարձեց հեղափոխությունը:
Խոսելով ներառական կրթության անհրաժեշտության մասին, նախարարը նախ ներկայացրեց հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ կարճ վիճակագրություն, ապա ավելացրեց.
«Ցանկացած հասարակության հասունացվածությունը չափվում է հասարակության մեջ ամենախոցելի խմբերի նկատմամբ հասարակության հոգածությամբ և վերաբերմունքով: Մենք, եթե ուզում ենք այդպիսի հասարակություն ունենալ, պիտի գնանք այդ ճանապարհով, այլապես կմնանք այսպես թերհաս հասարակություն»,- ասաց Թորոսյանը՝ այդ պահին ընդգծելով իր իսկ թերհասության աստիճանը:
Եվ սա առաջին անգամ չէ, որ Կառավարության նորելուկներն աջուձախ վիրավորում են հասարակությանը՝ մոռանալով, որ շնորհիվ այդ հասարակության են հասել նախարարի աթոռին՝ չունենալով դրա համար անհրաժեշտ գիտելիք ու կենսափորձ:
Ի՞նչ է, այս հասարակության ճակատին գրված է, որ դեռ կարպիսփաշոյանական ապուշությունը չմարսած՝ պետք է ստանա հաջորդ թերհաս որակումը, հիմա էլ արդեն նախարարի՞ շուրթերից:
Դժվա՞ր է նախքան ելույթներ ունենալը մի փոքր մտածել, խոսելուց առաջ գիտակցել, թե որպես ով են խոսում, և գոնե ունենալ համապատասխան բառապաշար՝ հոդաբաշխ և գրագետ մի քանի նախադասություն իրար կապելու համար:
Պարոնա՛յք, եթե այդքան դժվար է՝ ապուշություններ դուրս տալ պետք չէ, կարելի է նաև կարդալ. դա էլ է նորաձև…