Փաշինյանը քարտ-բլանշ տվեց Բակո Սահակյանին
Շուրջ մեկ ամիս առաջ վարչապետ Փաշինյանը Միքայել Արզումանյանին նշանակել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, նշանակումից օրեր անց, սակայն, Փաշինյանն իր իսկ նշանակած կադրի հետ խնդիր ունեցավ:
Բանն այն է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող «Արցախյան զարթոնք» խմբի կողմից Ֆեյսբուքում լուսանկար էր տարածվել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, ով ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին:
Սա Նիկոլ Փաշինյանի համար հարված թիկունքից էր, քանի որ ուժային բարձր պաշտոնում իր նշանակած կադրն, առանց իր հետ համաձայնության, քաղաքական պայքարի մեջ է մտնում և պայքարում ո՛չ ավել, ո՛չ պակաս Արցախի նախագահի դեմ:
Եթե ռեալ դիտարկենք հարցը, ապա սա վերջին շրջանում պաշտոն ստանալու և թողնելու թոհուբոհի մեջ լրջագույն հարցն է, քանի որ պատերազմող երկրի համար պաշտպանական ոլորտում նման վրիպումը պարզապես պայթյունավտանգ է:
Միքայել Արզումանյանի՝ քաղաքական հետաքրքրությունների մասին լուրի հայտարարությունից հետո, հաջորդեց ևս մեկ հայտարարություն՝ վարչապետը շտապ իր մոտ էր կանչել Արզումանյանին՝ պատասխան տալու:
Այսօր էլ տեղեկացանք, որ, փաստորեն, Արզումանյանն իր դիմումով ազատվեց պաշտոնից, ինչը նշանակում է, որ Փաշինյանին պարզապես չեն բավարարել վերջինիս պարզաբանումներն իր քայլի վերաբերյալ, կամ էլ Արզումանյանը չի հրաժարվել Բակո Սահակյանի դեմ պայքարելու մտքից:
Որքան էլ ասվի, թե Փաշինյանի քայլը ռազմական գործչին քաղաքական իրադարձություններից հեռու պահելու նպատակ ուներ, այնուամենայնիվ, պարզ է, որ սա Փաշինյանի կողմից աջակցություն էր Բակո Սահակյանին: Նա պարզապես չեզոքացրեց այն ուժը, որը հնարավոր էր՝ դառնա Արցախի նախագահի դեմ պայքարող ամուր թիմ: Այդպիսով Փաշինյանը քարտ-բլանշ տվեց Սահակյանին հետագա կառավարման համար: