«Կներեք անհանգստության համար. դա հրաման էր»․ ռուս զինծառայողները Շիրակում զինտեխնիկայով վարժանք են արել՝ վախեցնելով բնակիչներին (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում տեղադրել է տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են Շիրակի մարզի Փանիկ գյուղի սկզբնամասում Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները զորավարժանք անցկացնում։
Ինչպես հետո պարզ է դարձել, զինվորները գյուղի հենց միջով անցնելով, կրակահերթ են բաց թողել իսկական փամփուշտներով։ Համայնքի բնակիչները կրակոցներից վախեցել են։
Անմիջապես հավաքվել են գյուղի տղամարդիկ և զինվորներին արգելել են տեղաշարժվել, քանի դեռ չեն պարզել կրակոցների շարժառիթը։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է գյուղի բնակիչներից մեկը հարցնում երիտասարդ զինծառայողին․
«Ձեր հաճույքի համար եք կրակե՞լ, թե՞ հրաման է եղել», ինչին արձագանքելով՝ երիտասարդը պատասխանում է, որ դա հրաման է, սակայն թե որտեղից է եղել հրամանը, չի նշում։
Գյուղի բնակիչների խոսքով՝ զինվորները կրակել են АКС, РПК և ПК տեսակի զենքերից և պայթեցրել «взрывпакет»-ներ, նաև օգտագործում էին ծուխ արձակող պայթուցիկներ։
Զինվորներից մեկն, արձագանքելով գյուղացիների մտահոգություններին ու անհանգստություններին, պարզապես ասաց․ «Կներեք պատճառած անհանգստության համար. դա հրաման էր»։
Մանրամասները՝ տեսանյութում․